Ֆրանսիական Ալպերում վթարի է ենթարկվել Բարսելոնայից Դյուսելդորֆ թռչող Airbus A 320 ինքնաթիռը: «Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռում անկման պահին եղել է 148 մարդ, ներառյալ անձնակազմի 6 անդամներ: A320 օդանավում հայերի կամ ՀՀ քաղաքացիների առկայության մասին դեռ տեղեկություններ չկան: Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը փորձում է ճշտել տվյալները: Վերին Պրովանսում օդային աղետի տարածք են մեկնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Կործանված օդանավում եղել են հայտնի օպերային երգիչներ: «Դյուսելդորֆում/Դույսբուրգում գերմանական օպերան սգում է բաս-բարիտոն Օլեգ Բրիժակի մահը։ Նա U49525 չվերթի զոհերից մեկն էր»,- գրել է լրագրող Գոնե Գարլինգը Twitter-ում։ Դյուսելդորֆի Գերմանական օպերայում հաստատել են երգչի մահը ։ «Մենք կորցրել ենք մեծ կատարող և մեծ մարդ Օլեգ Բրիժակին։ Մենք ցնցված ենք»,- ասել է թատրոնի գլխավոր տնօրեն Քրիստոֆ Մայերը։
Բարսելոնայի «Լիսեո» օպերային թատրոնը հաստատել է, որ ինքնաթիռում եղել է օպերային երգչուհի Մարիա Ռադները՝ ամուսնու և երեխայի հետ:
Բարսելոնայից Դյուսելդորֆ թռչող Airbus А320 վթարված օդանավի անձնակազմը կապ է պահպանել Մարսելի ավիակարգավարների հետ: Le Point ֆրանսիական պարբերականը հաղորդել է, որ օդաչուները աղետից Mayday, mayday, mayday տագնապի միջազգային ազդանշանն են ուղարկել, դա նշանակում է, որ աղետալի իրավիճակում հայտնված օդանավը ազատ օդային միջանցք է խնդրում վթարային վայրէջքի համար: Սովորաբար վայրէջք կատարելու համար օդանավը ցած է իջնում 1524 մետր/րոպե արագությամբ, իսկ Germanwings-ի չվերթն իրականացնող օդանավն իջնում էր 1000 մետր/րոպե արագությամբ: Պարբերականը ենթադրում է, որ վթարային իջեցման համար պատճառ կարող էր լինել ինքնաթիռի սրահի ապահերմետիկացումը: Germanwings ավիաընկերությունը պաշտոնապես հայտնել է, որ մի քանի օդանավերի անձնակազմեր հրաժարվել են թռչել Airbus A320 ինքնաթիռի աղետից հետո, որն իրականացնում էր Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթը:
«Մենք հասկանում ենք այդ որոշումը»,- հայտարարել է ավիաընկերության մամուլի խոսնակ Թոմաս Վինկելմանը։ Հետաձգված չվերթների քանակը չի նշվում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավիաաղետից հետո Lufthansa ընկերության որոշ օդաչուներ հրաժարվել են աշխատանքի դուրս գալ՝ «անձնական պատճառներով»։
Lufthansa ավիաընկերության փոխնախագահ Հայկե Բիրլենբախը Բարսելոնայի օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայում Airbus A320 ինքնաթիռի կործանման պատճառը դժբախտ պատահարն է՝ տեղեկացնում է Ռոյթերզը: Վթարի վայրում փրկարարներն արդեն գտել են ինքնաթիռի սև արկղերից մեկը: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հաստատել է տեղեկությունը: Ինքնաթիռում հիմնականում եղել են Իսպանիայի ու Գերմանիայի քաղաքացիներ, նաև Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ավստրալիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Ճապոնիայի, Ղազախստանի, Մեքսիկայի քաղաքացիներ: